Տրանսպորտային միջոցների վարորդները երկաթուղային գծերը կարող են հատել միայն երկաթուղային գծանցներով` ճանապարհը զիջելով գնացքին (լոկոմոտիվին, երկաթուղասայլակին):
XII
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐՈՎ
Երկաթուղային գծանցին մոտենալիս վարորդը պետք է ղեկավարվի գծանցի հերթապահի ցուցումներով, երկաթուղային գծանցներով երթևեկությունը կարգավորելու համար նախատեսված լուսացույցների, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով և համոզվի, որ գծանցին գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) չի մոտենում:
Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի 1.12` «Կանգ» գծի, 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ, իսկ եթե բացակայում է նաև ուղեփակոցը, ապա մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա:
Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդը պետք է`
- անհապաղ իջեցնի ուղևորներին և միջոցներ ձեռնարկի գծանցն ազատելու համար.
- հնարավորության դեպքում գծի երկայնքով երկու մարդ ուղարկի գծանցի ամեն մի կողմը 1000 մ հեռավորության վրա (եթե մեկին, ապա վատ տեսանելիության կողմը)` նրանց բացատրելով մոտեցող գնացքի մեքենավարին կանգառի ազդանշան տալու կարգը.
- մնա տրանսպորտային միջոցի մոտ և տա ընդհանուր տագնապի ազդանշան.
- գնացք երևալու դեպքում վազի ընդառաջ` տալով կանգառի ազդանշան: Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետևից տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես մեքենավարին տրվող կանգառի ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):
Վարորդին արգելվում է մուտք գործել գծանց`
- փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (լուսացույցի ազդանշանից անկախ).
- լուսացույցի արգելող ազդանշանի դեպքում (ուղեփակոցի առկայությունից և դիրքից անկախ).
- եթե գծանցից հետո առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել գծանցի վրա.
- եթե տեսանելիության սահմաններում գծանցին մոտենում է գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ).
- գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքում: Գծանցի հերթապահի արգելող ազդանշան է հանդիսանում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը:
Վարորդին արգելվում է նաև`
- հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով` շրջանցել գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները.
- ինքնակամ բացել ուղեփակոցը.
- գծանցով փոխադրել ոչ տրանսպորտային վիճակում գտնվող գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական և այլ մեքենաներ ու մեխանիզմներ.
- առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության գծանցով երթևեկել դանդաղընթաց մեքենաներով` 8 կմ/ժ ցածր արագությամբ և տափանների հետ կցված տրակտորներով:
