Տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը թույլատրվում է ճանապարհի աջ մասում` մայթի մոտ կամ կողնակին, դրանց բացակայության դեպքում` երթևեկելի մասի եզրին: Կանոնների 81-րդ կետով նախատեսված դեպքում կայանումը թույլատրվում է նաև մայթեզրին:
ԿԱՆԳԱՌԸ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄԸ
Բնակավայրերում, երթևեկելի մասի ձախ կողմում կանգառ ու կայանում թույլատրվում է`
- յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին.
- միակողմ երթևեկության ճանապարհներին (3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին թույլատրվում է միայն կանգառ` բեռնելու կամ բեռնաթափելու, ինչպես նաև ուղևորի նստելու կամ իջնելու համար):
Տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր: Առանց կողային կցորդի երկանիվ տրանսպորտային միջոցները թույլատրվում է կանգնեցնել երկու շարքով:
Երթևեկելի մասին սահմանակից մայթեզրին կայանման նպատակով կանգնեցնել թույլատրվում է միայն թեթև մարդատար ավտոմոբիլները, մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները` 6.4` «Կայանման տեղ» նշանի և 8.6.2, 8.6.3, 8.6.6-8.6.9` «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում» ցուցանակներից որևէ մեկի առկայության դեպքում:
Բնակավայրերից դուրս երկարատև հանգստի, գիշերակացի և այլ նպատակներով կայանել թույլատրվում է միայն դրանց համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս:
Կանգառն արգելվում է`
- մայթերին, բացառությամբ 61-րդ կետում նշված դեպքերի, ինչպես նաև տրամվայի գծերի վրա և անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչընդոտում է տրամվայների երթևեկությունը.
- երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նաև էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ.
- այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է.
- հետիոտնային անցումների վրա և շարժման ուղղությամբ հետիոտնային անցումից առաջ՝ 5 մ մոտ վայրում.
- երթևեկելի մասի վրա` ճանապարհի այն վտանգավոր շրջադարձերին և երկայնական պրոֆիլի ուռուցիկ բեկվածքներին մոտիկ, որտեղ ճանապարհի տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ պակաս է 100 մ-ից.
- խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).
- 1.17 գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մ մոտ.
- այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթևեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ որևէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների համար:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառն արգելվում է նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից դուրս` բացառությամբ հարկադրված կանգառի դեպքերի:
Կայանումն արգելվում է`
- կանգառն արգելված վայրում.
- (Ուժ. կorm.)
- բնակավայրերից դուրս` 2.1. «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանով նշված ճանապարհների երթևեկելի մասի վրա.
- երկաթուղային գծանցներին 50 մ-ից մոտ:
